Ստեփան Զորյանի Տուն-թանգարան
Ստեփան Զորյանի ծննդավայր քաղաքում՝ Կիրովականում, 1982թ-ին հիմնադրվում է գրողի տուն-թանգարանը։ Առանձնատունը կառուցել է Զորյանը 1960-ական թվականների կեսերին, իսկ համաքաղաքացիներն այն մկրտեցին «Հայոց բերդ» անունով: Գրողն այստեղ ապրել և ստեղծագործել է 1964-1967 թվականներին: 1972 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել գրողի առանձնատան հիման վրա տուն-թանգարան հիմնելու մասին: 1982թ. սկսվել են վերակառուցման շինարարական աշխատանքները: Առանձնատան առաջին հարկն ամբողջությամբ պահպանվել է, իսկ երկրորդը, որտեղ միայն մեկ սենյակ կար, ամբողջացվել է: Առանձնատան ճարտարապետական ոճը պահպանելու համար ավելացվել է երրորդ հարկ՝ մեկ սենյակով: Ամառանոցի և տուն թանգարանի նախագծերի հեղինակները գրողի ճարտարապետ որդիներն են՝ Լևոն և Կարեն Զորյանները:
Թանգարանում պահվում և ցուցադրվում են գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող 1940 –ից ավելի ֆոնդային արժեքներ՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, կենցաղային իրեր, գեղանկարներ, որ տարեցտարի համալրվում են նոր նմուշներով:
Ստեփան Զորյանի կիսանդրին տուն-թանգարնի բակում տեղադրվել է թանգարանի բացման օրը։
Մեծ արժեք են ներկայացնում Մ. Սարյանի և Դմ. Նալբանդյանի վրձնած ՝Ստ. Զորյանի դիմանկարները, Ա. Նազարյանի, Է. Բոջուկյանի, Խ. Ղարաբեկյանի, Գ . Թովմասյանի և այլոց բնանկարները:
Հայրական տնից, մտերիմներից ձեռք բերված կահ-կարասին, կարպետներն ու ֆիսհարմոնը հին լուսանկարների և բացիկների, հոգևոր գրքերի ու դասագրքերի հետ ամբողջացնում են ոչ միայն գրողի մանկության, այլև քաղաքի պատմության տվյալ հատվածի պատկերը:
Տուն-թանգարանն ունի յոթ ցուցասրահ, որտեղ ներկայացված են գրողի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր, իրեր: Այստեղ պահվում են նաև գրողի հասարակական գործունեությունը ներկայացնող ցուցանմուշները:
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:30
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 1500 դրամ է:
Մուտքի տոմս - 200դրամ
Մինչև 18 տարեկան երեխաների տոմս - 100դրամ
Արտերկրից ժամանած հյուրերի տոմս - 500դրամ։